19 сентября 2015 г.

Շառլ Ազնավուր - Պիտի կարենալ


Պիտի կարենալ ժպտալ վերստին,
Երբ քեզ լքում է թանկագինը քո,
Ու մնում է լոկ ունայնություն սին,
Այս կյանքում տխուր, դաժանաբարո:
Պիտի կարենալ, ինչ գնով լինի,
Պատիվը պահել, տղամարդ մնալ,
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի,
Առանց շրջվելու թողնել-հեռանալ:
Բախտի դեմ, որ մեզ ուզում է սանձել,
Ու երջանկության առաջ կորուսյալ,
Պիտի կարենալ արցունքը զսպել,
Սակայն ես, իմ սիրտ, լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես, որ էլ սեր չեն մատուցի,
Ու խղճալի տեսք երբեք չընդունել,
Վեր կենալ-գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո,
Եվ սանձահարել ճիչերը ցասման -
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ,
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ,
Բայց ես քեզ շա՜տ եմ սիրում,
Բայց ես չե՜մ կարողանում,
Պիտի կարենալ, բայց ես
Չե՜մ կարողանում:

Վարդգես Պետրոսյան - Երրորդ հարկի ութերորդ պատուհանը



Մարդը սովորաբար տխրում է միայն այն բանի համար, ինչ արդեն իրենը չէ։ Այդ օրն արդեն իմը չէր․․․ես քայլում էի չուզենալով հանդիպել որևէ ծանոթի և դրա համար էլ փորձեցի միայն բարևել ու անցնել․․․

Լավ կլիներ եթե մարդկությունը մի քիչ էլ լռել կարողանար։ Այդ դեպքում գուցե մոռացվեին բոլոր այն նախադասությունները, որ կրկնվել են միլիոն անգամ, քանի որ դրանց համար կան պատասխաններ, որ նույնպես կրկնվել են միլիոն անգամ․․․

Իսկ մի՞թե հարկավոր է, որ մարդ միշտ սպասի ինչ որ բանի, միթե նա չի կարող երջանիկ ու բավարարված լինել միայն նրանով ինչ կա։ տարիները լավ բառարան են, և նրանք սովորեցին շատ բառերի իսկական նշանակությունը․․․


Մարդիկ են որ անկումից պաշտպանում են նաև կյանքի ծառը։    
Իրենց մեջքով։        
Սրտով։
Նույնիսկ անիմաստ, անըմբռնելի թվացող քայլերով, որոնք պարզապես դեռ չեն գտել իրենց ճիշտ անունը։        
Իրենց հավատով։  
Եվ տխրությամբ, որն ավելի լուսավոր է, քան աշխարհի շատ ուրախություններ
․․․

Վարդգես Պետրոսյան - Ուշացած երջանկություն



Բաժանվեցին նրանք, թեպետ տղան շարունակում էր սպասել  և սիրել։ Բայց նույնիսկ երջանկությանը մարդը չի կարող անվերջ սպասել։ Հոգնում է սպասելուց, մոռանում է սպասել։ Ու մարդը կամա-կամաց հաշտվեց այն մտքի հետ, որ շուրթերի պատահական հպում էր այն համբույրը, որ կարող էր պատահել ամեն մարդու հետ, երբ նա քսան-քսաներեք տարեկան է։ Դա հանգիստ բերեց նրա սրտին, բայց ցավը մնաց․․․

Նույնիսկ երջանկությունը մարդուն պետք չէ ամեն րոպե իր ժամանակին է պետք․․․

Հին երազները դժվար է գտնել, և գուցե պետք էլ չէ։ Ամեն տարիք իր երազներն ունի, թեկուզև չկատարվեն այդ երազները։ Ահռելի, անհեթեթ բան կլինի, եթե պատանեկան երազները կատարվեն երեսուն տարեկանում․․․


-Ինչու է այդպես, ինչու ոչինչ ժամանակին չի գալիս ոչ սիրած աղջիկը, ոչ երջանկությունը․․․
—իսկ սիրած տղան ժամանակից շուտ է գալիս, և դրա համար էլ չես զգում, թե հենց նա է
․․․

8 сентября 2015 г.

Արամայիս Սահակյան - Խորհրդավոր լռություն



Ինչ-որ բան պիտի լիներ մեր միջև-
Ինչ-որ հանդիպում, խոստովանություն։
Մենք չենք զրուցել այդ մասին երբեք,
Սակայն աչքերով հասկանում ենք լուռ։

Մերթ ցույց ենք տալիս, թե ոչինչ չկա,
Մերթ զրուցելիս դողում ենք թաքուն,
Բայց որոնում ենք ամենուր իրար,
Ինչպես ծարավն է որոնում աղբյուր։

Ինչի մասին էլ զրուցենք անվերջ,
Այն հարցի մասին մասին լռում ենք զգույշ։
Ինչ-որ ծիլեր են արթնանաում մեր մեջ,
Դեռ ընդամենը ձնհալ է, մշուշ։

Ոչինչ չենք խոսել, ոչ մի հատիկ բառ,
Բայց հաստատ գիտենք՝ այդ պահը կգա։
Մինչդեռ երբեմն խոսում են երկար,
Աղմկում են շատ, բայց ոչինչ չկա․․․

7 сентября 2015 г.

Արամայիս Սահակյան - Գաղտնիք՝ սիրո տողերի մեջ


Երբ այս նամակը ուշադիռ կարդաս, 
Սիրտդ կհուզվի,երբ ինձ հասկանաս, 

Պետք չէ ամեն ինչ բացատրել քեզ, 
Աչքեր ունես դու և հոգի նույնպես, 
Շատ բաներ ինքդ պիտի իմանաս, 
Տրված է քեզ բախտ,պիտի տիրանաս 
Ու երբ լռում եմ,ու երբ չեմ խոսում, 
Միթե դրանով քիչ բան եմ ասում, 

Երբ այս նամակը ուշադիր կարդաս, 
Մի հիանալի գաղտնիք կիմանաս, 

Քեզ այդ գաղտնիքը գուցե չհայտնեմ, 
Եթե պատահմամբ մի օր իմանաս` 
Զանգահարիր ինձ,եթե ողջ լինեմ