2 сентября 2015 г.

Վարդգես Պետրոսյան - Քաղաքի կիսաբաց լուսամուտները


Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս․․․

Թազբեհը, հին էր, ինչպես այս պատը․․․ Հին քաղաք չէր, հուշ էր մոլորված օրերի, երբ բարդ էր թվում աշխարհը և մարդիկ այն մի քանի հատիկ դարձրին, որ խաղացնեն մատների մեջ և դրանցով որոշեն, թե ինչ է լինելու հետո․․․ Աշխարհը նրանք բաժանեցին քսան-երեսուն մասի և շարեցին մի թելի վրա։ Այդպես աշխարհն ավելի հասկանալի էր, քանի որ փոքր էր և ենթարկվում էր մարդուն։ Ու երբ թելի վրա շրխկում էր փոքրացած աշխարհը, մարդիկ ավելի վստահ էին խոսում մեծ աշխարհի մասին։ Իսկ երբ թազբեհին փոխարինելու եկավ լրագիրը, արդեն նշան էր, որ շուտով քաղաք է ծնվելու․․․

Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ,  պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել․․․

Մարդ պետք է ուրիշների համար իրեն ծախսի, ինչպես որ արևն է ծախսում, չսպասելով հատուցման․․․

Քնելը միակ բանն է, որ մենք լավ ենք անում, ապրել չգիտենք․․

Թող կյանքը նման լինի կարուսելի, թող վագրերը թղթից լինեն, գույները ներկած, միայն թե պտտվի, միայն թե չլինի հոգս, ցեխ, պատասխանատվություն․․․

Կյանքը բնորոշելու համար այնքան շատ ածականներ են գործածվել՝ զարմանալի, գեղեցիկմ ձանձրալի, հերոսական, տխուր, երջանիկ, անիմաստ, հրաշալի և հազար ու մի ուրիշ բան։ Գործածել են գրքերում, բաժակաճառերի ժամանակ, նամակների ու օրագրերի մեջ, ամեն մեկին թվացել է, որ իր ածականը սպառել է կյանքի իմաստը․․.

Ո՞վ է հնարել այս ինչու բառըերևի հաշվապահները կամ փաստաբանները։ Նրանց թվում է, որ աշխարհում ամեն բան իր որոշակի պատճառն ունի և անպայման կան պատրաստ պատասխաններ՝ յուրաքանչյուր ինչու-ի համար․․․


Комментариев нет:

Отправить комментарий