29 августа 2015 г.

Վարդգես Պետրոսյան - Կեսգիշերային զրույց


Մենք կարոտում ենք հազար ու մի բանի, բայց մտածե՞լ ենք, որ ամենից շատ կարոտում ենք ինքներս մեզ և ինչ հազվագյուտ մետաղ է դառել մենակությունը․․․

Մենակությունը զարմանալի մտքեր է արթնացնում, որ այդ պահին հանճարեղ են թվումերևի արվեստագետները դրա համար են մենակություն որոնում․․․

Մարդը իր մահից հետո ապրում է առնվազն հարյուր տարի։ Չի մեռնում այնքան, քանի դեռ ապրում են մարդիկ, որ նրա մասին լսել են ուրիշներից, որ տեսել-իմացել են նրան,,,

Ծառերը չեն նորոգում, չեն ներկում ուրիշ գույնով, շատ-շատ փտում են հին, չորացած ճյուղերը ճյուղերը, իսկ նոր ճյուղերը կրկնում են հինը, ծառերն ավելի հավատարիմ են իրենց բնությանը, քան մարդիկ․․․

Ամենաթանկը գնալով թանկանում է, մարդկանց գրպանը փողը շատանում է, չգիտեն ինչ անեն, ուրեմն դագաղն էլ ամեն բանի հետ թանկանում է․․․

Ասա ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները, հայրիկ։ Հայրերը մեռնում են հանկարծակի, մայրերը դանդաղ են մեռնում։ Որովհետև հայրերը տղամարդ են նրանք պիտի ուժեղ թվան, մայրերը լաց են լինում, տրտնջում հայրերից ու աշխարհից, հայրերի լացը միայն իրենց մեջ է, իսկ ներքին կաթկթոցը, ի վերջո քայքայում է ամենաամուր մարդուն անգամ․․

Ո՞ր որդին է հասկանում հորը և ինչու՞ պիտի հասկանա։ Հայրերն է, որ պետք է հասկանան որդիներին, դա նրանց պատիժն է և երջանկությունը միաժամանակ․․․

Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրորվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ…

Իմ ընկերներից մեկը վերջերս ստորություն արեց, և քանդվեց մեզ իրար կապող կամուրջը: Նա այդ կամուրջը պայթեցնելուց առաջ երևի չնայեց անգամ, թե ինչ է պայթեցնում: Իսկ նայել հարկավոր էր. վերջին անգամ պիտի տեսնես այն քարերը, որ շարել ես իրար վրա, միացրել հավատի շաղախով, պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել: 
Հավատա ինձ, հայրի՛կ, ես չքանդեցի այդ կամուրջը: Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ: Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին: Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում…

Комментариев нет:

Отправить комментарий